ԴՈԿՏ. ԵՐՈՒԱՆԴ ՏԷՐ ԽԱՉԱՏՐԵԱՆ

ԵՐԱԶԷՆ ԱՆԴԻՆ, Գ. ՀԱՏՈՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ 


Բարի երեկոյ, ազնիւ հանդիսականներ,

Ես շատ ուրախ եմ, որ հիմա Պէյրութ եմ՝ սիրելի մարդկանց միջավայրում, ընկերների, բարեկամների հետ. եւ շատ տխուր եմ, որ Պէյրութը, Լիբանանը տեսնում եմ ո՛չ այնպիսին ինչպէս տեսայ առաջին անգամ քսանհինգ տարի առաջ: Իմ սրտակցութիւնը եւ Հայաստանի մտաւորականութեան սրտակցութիւնը ձեզ:

Այսօր մենք հաւաքուել ենք շատ ուրախ առիթով: Գրքի ծնունդը նման է մարդու ծնունդի, այն տարբերութեամբ թերեւս, որ երբ որ մարդն է ծնուում մենք չգիտենք ապագային նա ինչպիսին կը լինի, ի՛նչ մարդ կը լինի. բայց երբ որ գիրքն է ծնուում, բարեբախտաբար մենք գիտենք արդէն դա լաւ գիրք է թէ վատ գիրք է: Խաչիկ Տէտէեանը լաւ գիրք է գրել, շատ լաւ գիրք է գրել. ազգին խօսքը, հաւատացէք ինձ:

Ես կը փորձեմ գիրքին մի քանի արժանիքները ներկայացնել ձեզ: Գիրքը չորս բաժին ունի. առաջին բաժինը ինքը կոչել է «Ալեկոծումներ»: Նախքան բաժինին անցնիլը ասեմ, որ Խաչիկ Տէտէեանի բանաստեղծութեան ամենակարեւոր իւրայատկութիւնը այն է, որ ազատ բանաստեղծութիւն է: Կայ բանաստեղծութեան այն տեսակը, որ Ֆրանսացիները կոչում են «vers libre»՝ ազատ բանաստեղծութիւն: Կայ աւելի շատ ինքնասուզումի բանաստեղծութիւն՝ «meditation»-ի, ինքնամփոփման, ներամփոփման. մենք սովոր ենք մեր բանաստեղծութեան, մեր բոէզիայի մի զգալի  մասը վերամբարձ, հոգեշունչ, մեծ դահլիճների առջեւ արտասանելու եւ այլն. մենք սովոր ենք բանաստեղծութեան այդ տեսակին թէպէտեւ մեզ ամէն .......??? Ատոմ Եարճանեանի հանճարեղ բանաստեղծութիւնը, Սիամանթոյի հանճարեղ բոէզիան: Ուրեմն ամէնից առաջ մենք պէտք է ընդունենք բանաստեղծութեան այդ տեսակը եւ նրան մօտենանք իւրովի: Ժանրը, տեսակը գրականութեան թելադրում է ժամանակը: Գիտէ՞ք, յայտնի խօսք կայ՝ ուրեմն 1937 թուականին, Փարիզում, մեծ ցուցահանդէսի մը ժամանակ, «Picasso»-ն ցուցադրում է իր յայտնի «Guernica» նկարը, որ նուիրուած է Սպանական Կէրնիքա քաղաքի ոչնչացման. մի գիշերում 5,000 հոգինոց քաղաքը ոչնչացուում է, Գերմանական օդանաւերը կործանում են քաղաքը: Թէեւ նկարը մեծ ազդեցութիւն է թողնում, մօտենում են մարդիկ, շրջապատում են նկարչին. մօտենում են նաեւ Գերմանացիները, հարցնում են. «Դո՞ւք էք այս կտաւի հեղինակը»: Ասում է. «Չէ, դո՛ւք էք»:

Գիտէ՞ք, այսօր լաւ գրականութիւնը, լաւ բոէզիան թելադրում է ժամանակ: Ասացի գիրքը երեք բաժին ունի եւ հիմա կու գամ այդ թելադրանքին.-

Առաջինը կոչում է «Ալեկոծումներ». դա անձնական, սիրային, քնարերգական բանաստեղծութիւնների շարք է: Ան ողջ աշխարհում 1968 թուականից ի վեր, երբ Փարիզի յայտնի ցոյցերը եղան եւ երիտասարդութիւնը պահանջում էր երկու կարեւոր բան, առաջին հերթին՝ սեռական ազատութիւն եւ յետոյ՝ ուսումնական ծրագրերը պարզեցնել, իրենք սովորելու չէին կարող: Եւ այդ ցոյցերի առջեւից գնում էր Ժամուուր Սատրը, գնում էին անուանի մարդիկ, որ մեծ բան են անում: Այո՛, մեծ բան անեցին եւ շատ բան աւերեցին նաեւ այդ նշանաւոր մարդիկը: Ամէնից առաջ, Փարիզում կրթութիւնը կորաւ գրեթէ. այսօր իրենք ասում են, որ մի իսկական կրթական հաստատութիւն ունեն՝ «ecole normale superieure» կը կոչուի:

Եւ ամենակարեւորը, 68 թուականից ի վեր գրեթէ ամբողջ աշխարհում այլեւս սիրային բոէզիա չի գրուում: Սիրելի հանդիսականներ, եթէ հայ գրականութեան ժամանակակից ծանօթ էք, իսկ դա մեծ ծաւալի գրականութիւն է անկախ իր որակից՝ բանաստեղծութիւնները, թերթերը, ամսագրերը. բացում էք Հայաստանի դրսի, բանաստեղծութիւններ կան, բայց սիրային բանաստեղծութիւններ, որ սիրտդ դողայ զգացումից, որ այդ զգացումը փոխանցուի քեզ, ուզենաս մէկ անգամ էլ կարդալ, ուզենաս արտասանել եւ այլն՝ չկայ: Որովհետեւ սիրային անհատական բանաստեղծութիւնը ամբողջ աշխարհում փոխարինուեց սեռի հասկացողութեան. շատ տխուր բան: Եւ ճիշդ ժամանակին օգտագործեցին «Sigmund Freud»-ին եւ միւսներին եւ այլն: Գրականութեան մէջ շատ նշանաւոր մարդիկ ընդդիմացան այս բոլորի դէմ, մերժեցին. բայց ի՞նչ կարող էին անել, կեանքը գնում է այս ճանապարհով:

Ես, իբրեւ ընթերցող, շատ ուրախ եմ եւ ինձ համար շատ հաճելի է, որ Խաչիկ Տէտէեանին գրքին մի զգալի բաժինը անձնական, սիրային, քնարական բոէզիա է. ինչը այսօր պակասում է մեր գրականութեան մէջ:

Գրքի երկրորդ բաժինը, որ կոչում է՝ «Հին Երգեր, Նոր Վէրքեր», կարող էր կոչուել նաեւ «մարդերգութիւն»: Այստեղ ամենատարբեր զգացումներ, ապրումներ, մարդկային ներաշխարհի ամենատարբեր կողմեր չափաւորուել են եւ դարձել են բանաստեղծութիւն: Եւ շարքը ցոյց է տալիս քնարական հերոսի որովհետեւ մեզ չի կարելի նոյնացնել հեղինակին քնարական հերոսի հետ. այսինքն այն անձը, որ ներկայացուած է բանաստեղծութիւնների այդ շարքի մէջ, ում խոհեր ու ապրումներ են արտայայտուած՝ նա քնարական հերոսն է, եւ նրա աշխարհը հարուստ եւ գեղեցիկ աշխարհ է: Եւ երբ որ կարդում ենք, տեսնում ենք շատ բան խօսում է մեզ հետ, շատ բան այդ շարքերում մեզ հարազատ է, ծանօթ է: Եւ հրաշալի է, որ բանաստեղծը արձանագրել էդ տեղ: Այդտեղ կան ե՛ւ ձգտումները, ե՛ւ ապրումները, ե՛ւ հիասթափութիւնները, ե՛ւ դառնութիւններ. կեանքը միայն տօնական օրերից չի բաղկացած: Եւ այս իմաստով բանաստեղծը դառնում է իր ժամանակի տարեգիրը, իր ժամանակի արձանագրողը՝ բանաստեղծութեան ձեւով:

Գիտէք, շատ ցաւալի բան կայ այսօր, մեր արուեստը. Հայաստանում յամենայն դէպս, եւ կերպարուեստը եւ ամէն գրականութիւնը, երբ որ մտնում էք ցուցահանդէս,  դուում է բոլոր նկարները նոյն մարդն է նկարել: Բանաստեղծութիւնները  կարդում, գրքերը կարդում, ո՞ր երկրի գրողն է  գրել դա: Գիտէ՞ք ինչ, գրականութիւնը ի հարկ է կենցաղագրութիւն չէ եւ լուսանկարչական անհոգի պատկերում չէ իրականութեան, բայց այնուամենայնիւ երկիրը, կեանքը, ժամանակը, մարդիկ պէտք է արտացոլուեն, թէպէտեւ անուղղակիօրէն այդ գրականութեան մէջ:

Ցաւօք սրտի, մենք գնում ենք նմանակումի ճանապարհով, իմիթասիոնի ճանապարհով, ի՞նչ են անում Փարիզում, ի՞նչ են գրում Լոնտոնում նրանց բանաստեղծները եւ այլն. բայց դա ճիշտ ճանապարհ չէ, դա մեզ համար ցանկալի ճանապարհ չէ: Եւ ահա՛ այստեղ է Խաչիկ Տէտէեանի ե՛ւս մէկ առաւելութիւնը: Գրական հոսանքներ կան, ուղղութիւններ կան, մինչեւ հիմա, ֆութուրիստական հին մտածողութեան ձեւերը յայտնուում են այսօրուայ մեր գրականութեան մէջ, նոյնիսկ .......... նրանք երբեմն տպագրում են. «Surrealism»-ը 24 թուականին, «André Breton», «Philip Sutton», միւսները առեցին եւ այլն, անցաւ գնաց, 100 տարի անցել է, բայց մարդիկ գայթակղուում են դրանով: Խաչիկ Տէտէեանը այդ բոլորը գիտի եւ բարեբախտաբար եւ ի պատիւ իրեն, ինքը չի հետեուում այդ ոճերի, ուղղութիւնների, չի մտածում այդ մասին. դա է ամենակարեւոր արժանիքը. ինքը գրում է ինչպէս որ գրում է: Դա ներքին ազատութիւնն է բանաստեղծին, անկեղծութիւնը եւ անկաշկանդ հոգեվիճակը. դա մեծ արժանիք է:

Այս իմաստով, ես նրա բանաստեղծութիւնը համարում եմ իսկապէս հայեցի բանաստեղծութիւն: Այսօրուայ մեր գրականութեան մէջ դա փնտռուող որակ է:

Վերջապէս երրորդ բաժինը, որ ինքը կոչել է լաւ, գեղեցիկ խորագրով՝ «Անայգաբաց Գիշերին»: Գիտէ՞ք, հայ գրողի համար ծանր վիճակ է. ես յառաջաբանի երկու խօսքում ակնարկել եմ դա: Երբ որ նայիք եւրոպական գրականութեան, օրինակ ֆրանսական գրականութեան, այսպէս ասաց անուղղակի հայրենասիրութեան օրինակ կայ 1870-71 թուականների Ֆրանս-Պրուսական պատերազմի ժամանակ, Մոպասանը գրում է յայտնի «Ճարպագունդը»: Գալիս է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակը, եւ Շարլ Փէկին գրում է հայրենասիրական մի քանի բանաստեղծութիւններ: Դիմադրողական շարժման ժամանակ, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, Էլուարը, ...........ը, գրում են հայրենասիրական բանաստեղծութիւններ. յայտնի Էլուարի բանաստեղծութիւնը` ………………………., “Liberté, j'écris ton nom” - «ես գրեցի քո անունը՝ ազատութիւն» եւ այլն:

Ինչո՞ւ ֆրանսացին ամէն օր չի գրում. մեր տաս տարեկան, դպրոցական երեխան գրիչն է առնում եւ բանաստեղծութիւն է գրում՝ «Իմ Հայաստան», «Իմ Հայրենիք», փոխանակ թիթեռի, ծաղկի մասին գրելու: Որովհետեւ մեզ համար դա մեծագոյն խնդիր է եւ դրա բանաձեւը սքանչելի դրել է Վահան Տէրեան: Ես չեմ ուզում մանրամասնել, 1914 թուականին, նա խօսում է հայրենիքի ցաւի եւ վշտի մասին. մի բանաստեղծ է, որի «Մթնշաղի Անուրջներ»-ը, էդ բացառիկ գիրքը, թուում է հայկականութեան հետ որեւէ կապ չունի, օգտապաշտական, գեղեցիկ, վերացական, երկնային երաժշտութեան պէս հնչող բանաստեղծութիւններ են: Եւ այդ բանաստեղծը վերադառնում է հայրենիքի ցաւին, ասում է. «Ցաւդ ճրագում է մեզ, կեղեքում է այնպէս, մաշում է մեզ այնպէս, որ մենք անընդունակ ենք դառնալու ուրիշ օրերու բան հասկանալու.........: Ի վերջոյ, ասում է ես գալիս եմ այն եզրակացութեան, եւ մենք աշխարհը այդ պրիսմակով ենք տեսնում: Կան մարդիկ, որտեղ համարում են մեր գրականութեան թերութիւնը. գիշեր ցերեկ հայրենիք եւ այլն. անկարելի է պատկերացնել, որ ֆրանսացին կամ անգլիացին ամէն օր բանաստեղծութիւն գրի «Իմ Անգլիա, Իմ Անգլիա...» կամ «Իմ Ֆրանսիա» : Բայց հայ մարդը ստիպուա՛ծ է գրելու, որովհետեւ նրանք հայրենիքը կորսնցնելու վտանգը երբեք չեն ունեցել այնպէս՝ ինչպէս մենք. ժողովուրդին ուծացման վտանգը չեն ունեցել: Իսկ հայ բանաստեղծը, խաչի պէս, ստիպուած է գրելու իր ժողովուրդի ճակատագրին խնդիրը, ուզէ թէ չուզէ: Մենք էլի մնում ենք մարդկային թերաքամութեան սահմաններում, բայց աշխարհը իսկապէս, Վահան Տէրեանի ասաց, տեսնում ենք այդ ոսպնեակի միջոցով: 1908-ին, Դանիէլ Վարուժանը Թէոդիկին գրած մի նամակում հանճարեղ տող ունի՝ «Հայրենիքս մեզ մեր անձէն խիստ հեռացուցած է». ուրեմն մենք անձնականութիւն, այնպէս ինչպէս եւրոպացի բանաստեղծները, ինչպէս ուրիշ ժողովուրդների բանաստեղծները, այսպէս չենք ներբողում եւ այլն: Մենք խօսում ենք այդ բոլորին մասին, բայց հայրենիքի ոսպնեակի միջոցաւ:

Վերջին երեսուն տարուն, մեր ժողովուրդի գլխէն ինչե՜ր անցաւ, ինչե՜ր ապրեցինք Հայաստանում եւ մեր ժողովուրդը ինչե՜ր ապրեց Հայաստանի սահմաններից դուրս: Մեր գրականութիւնը արձագանգե՞լ է տեղ մը արդեօք: Գիտէ՞ք, ես հասկանում եմ, բոլորս հասկանում ենք, գեղարուեստական գրականութիւնը հերթի օրուայ յօդուած չէ, որ անմիջապէս արձագանգէ օրուայ կատարուած երեւոյթներին. բայց գեղարուեստական գրականութիւնը մի վիճակ է, որուն մէջ արտացոլուում է ժամանակը, անպայման պէտք է արտացոլուի: Հայ գրողը պէ՛տք է ապրի այդ բոլորը, եւ մանաւանդ վերջին 3-4 տարիների մեր անկումը, մեր տխուր ժամանակները, մեր կորուստները: Եւ ահա ո՛չ Հայաստանի գրականութիւնը արձագանգեց դրա. Լեւոն Խեչոյեանը տաղանդաւոր մարդ էր, տաղանդաւոր արձակագիր, նա այո, մէկ-երկու փորձ արեց, եւ վէպ գրեց եւ պատմուածքներ, դրանով վերջացաւ: Միւսները “մօտերն”, այսպէս կոչուած, գրականութիւն են անում. էջի վրայ մի բառ, մի բառ մինչեւ ներքեւ թեքութեամբ էջին վրայ տասը բառ այսպէս գրում են եւ տպագրում են, դա համարուում է մնացածները հնացած են եւ այլն: Ցաւօք սրտի, դա այդպէս է: Մինչ դեռ, գրականութիւնը ժողովրդի ապրած հոգեկան ապրումների, ցնցումների, հիասթափութիւնների, դառնութիւնների տարեգրութիւնը պէտք է լինի: Եւ ի պատիւ Խաչիկ Տէտէեանի, պէտք է ասեմ, որ իր գրքի երրորդ բաժինը այդ բոլորի արձագանգն է: Գիտէ՞ք, հրաշալի կը լինէր, որ բանաստեղծը պայծառ եւ ուրախ բանաստեղծութիւններ գրէր, ինչ որ Թումանեանն էր երազում՝ «Եւ պոետներ, որ չեն պղծել իրենց շուրթերն անէծքով»: Բանաստեղծը պէտք չէ անէծքի եւ նզովքի խօսքեր ասի, բայց կեանքն է պարտադրում. կեանքն է ստիպում, որ ահա նա դառնութեամբ տողեր գրի: Բայց նայէք, բուժիչ դեղահատը դառն է էլի:

Մենք պէտք է նայենք այն հայելիին, որ ճիշտն է արտացոլում մեզ. մենք ինքնագոհութեամբ, ինքնաբաւ գոհունակութեամբ չպէտք է ամէն ինչ պատկերենք վարդագոյն ակնոցով: Այո, այդ բաժնում դուք շատ դառն հատուածներ կը կարդաք, բայց դա այդպէս է. դա սթափութեան տանող, դա գլուխը ափերի մէջ առնելու եւ ճանապարհի եզրին նստելու եւ մտածելու պարտադրանքն է: Մինչեւ այստեղ հասանք, յետոյ ի՞նչ պէտք է անենք: Մենք պէտք է լրջօրէն մտածենք այդ մասին, եւ ո՞վ պէտք է այդ ահազանգը հնչեցնի, եթէ ոչ բանաստեղծը: Եւ Սփիւռքի կեանքի, արտերկրում ապրող հայութեան հոգերը կան գրքում անուղղակիօրէն արտայայտուած, եթէ ուղղակի լինէր՝ դա չէր լիներ գրականութիւն, կը լինէր ուրիշ մի բան: Բարեբախտաբար, անուղղակիօրէն այդ տագնապները, ահերը, դառնութիւնները եւ Հայաստանեան կեանքի մեր անկումները, որ պէտք է ընդունենք որ այդպէս եղաւ. պատճառները որոնողները ուրիշները թող լինեն, գրականութեանը հետ դա չի վերաբերում: Մեղաւոր չենք որոնումի եւ մատնանշումի, բայց իրականութիւնը այդ է: Եւ բանաստեղծը արտացոլեր է այդ բոլորը, արձանագրել է բանաստեղծական հակիրճ, յատուկ, գեղեցիկ կտորներով:

 Եւ վերջին բաժինը՝ «Դիմադարձութիւն», որը մի ձեւով կարծէք թէ շարունակում է այդ «Անայգաբաց Գիշերներին» բայց միւս կողմից էլ խորհրդածութիւնների մեծ դուռ է բացում: Խաչիկ Տէտէեանը լաւ գիրք է գրել, եւ լաւ գիրքը ամէն օր չի ծնուում: Ես շնորհաւորում եմ բանաստեղծին իր հրաշալի գրքին համար. եւ իբրեւ պարզ ընթերցող, անպայման ուզում եմ շնորհակալութիւն ասել կնքահօրը՝ յարգարժան Սարգիս Պուտագեանին, որը հայրենի գրականութեան հանդէպ իր յարգանքը եւ հոգածութիւնը միացրել է իր տիկնոջ մատամ Ժուլիի հանդէպ ունեցած քնքուշ վերաբերմունքին եւ հովանաւորել է այս գիրքը, որը կարծեմ թէ չնայած վրէպներ ունի ցաւալի, մի երկու տեղ ապաթարցը չկայ, մէկ տեղ ուրիշ մի բան եւ այլն. չնայած այդ բոլորին, հրաշալի գիրք է, գեղեցիկ գիրք է, շուէտական ընտիր թուղթի վրայ տպագրուած: Եւ կարծում եմ, այդ գրքի արտաքինը եւ բովանդակութիւնը միանգամայն համապատասխանում են իրար: Եւ շնորհաւորում եմ Խաչիկ Տէտէեանին իր հրաշալի գրքի համար, եւ ընթերցողներին՝ այդպիսի նուէր ստանալու համար:

 

 Չորեքշաբթի, 22 Փետրուար 2023

Փիւնիկ սրահ

Պէյրութ, Լիբանան